понедельник, 19 ноября 2012 г.

Երազանքի քաղաք



Ով ես դու, հայաստանցի, թե արտասահմանից, սփյուռքահայ ես, թե այն մարդն ես, որ լքեցիր քո երկիրը, քաղաքը, թողեցիր ծնողներդ գերեզմանը: Հենց քո պատճառով է, որ երեխաներդ չգիտեն, թե իրենց կերած մրգերը ինչպես են կախված լինում ծառերից: Դու լքեցիր քաղաքդ , երեխաներիդ սովորեցնելով փախչել դժվարություններից, դու կտրեցիր քեզ եւ քո ընտանիքը պապենական արմատներից: Հենց քո պատճառով է, որ տներում գիշերը լույսեր չեն վառվում, երեխայի լաց եւ ծիծաղ չի լսվում: Արի, վերադարձիր, շատերն են ետ գալիս: Պարզապես, մարդ, արի:


     ... Դու ոչ թե գալու ես, այլ սլանալու: Սլանալու ես ոլորաններով ի վեր, ի վար, աջ ու ձախ, հարբելու ես տեսարններից, ծաղիկների գույներից: Մեկ հայտնվելու ես սարի երկնամուխ գագաթին, ամպերին մոտ, որ լսելու ես երկնքում կչկչացող հրեշտակների ձայները, տեսնելու ես նրանց ժպիտը եւ հենց նրանց օգնությամբ էլ մեղմասահ իջնելու ես խորը անդունդի ճամփեզրը:        Այդ վերուվարներից հոգիդ թեւեր է առնելու եւ դու հայտնվելու ես հեքիաթ քաղաքի ափի մեջ: Այո, ճիշտ եմ ասում: Քաղաքիս մի ծայրից մյուսը հասնելու համար տրանսպորտ հարկավոր չէ. մի քանի րոպեների ընթացքում դու հասնում ես ցանկացած վայր:Այդ քաղաքը արեւի աստված Միհրի, քաղցրահամ մրգերի, մեղրածոր լեզվի պատվին կոչված Մեղրին է:     Այդ ափը շրջապատված է կարմիր, կապույտ, սեւ ու սպիտակ, ծիրանագույն լեռներով, պատմությամբ կերտված լերկ ժայռերով: Այդ ժայռերից կախված են մեր տներն ու այգիները: Ժայռերից վեր քարե բուրգերն են, որտեղ էլ պահված է մեր անթեղված լույսը:    Արի, տես, այս հեքիաթը հնի ու նորի մասին է, այն բաժանվում է Մեղրի գետով: Մեծ Մեղրիի եկեղեցին պահում է իր մեջ անցյալի պատմությունը եւ ապրում նորովի, հին Մեղրիի եկեղեցին անընդհատ պատմում է հին պատմություններ, եւ նրա հետ զրույցի են բռնվում նույնքան հին տները: Այդ տների կավե կճուճների պռունկներին չորացել է մեր պապերի քաշած գինին: Այդ հին թոնրի մեջ մենք թխում ենք մեղրեցոց մեղրահամ գաթան: Այդ տների քարերի մեջ նռան գույնն է. երբեւէ լսել ես նռան ճաքելու ձայնը:   Գարնանն իմ քաղաքում ամեն ինչ պայթում է. արեւը, ջերմացնելու համար, ամպերը, ծարավը հագեցնելու, խենթ ու չարաճճի դպրոցականներիս ծիծաղը, քաղաքը կենդանի պահելու:   Միայն տեսնես, թե ինչպես են քաղաքիս մեղուները, պահածոների գործարանի քաղցրահամ արտադրանքի բույրը զգալով, սլանում այնտեղ, թմբլիկանում եւ հետո գտնելով դրսում խաղացող, ձմռանը մրսած երեխաներին, բուժում իրենց խայթոցով: Արի, տես, ինչ նազանքով են պարում ծաղկած ծառերը, տես, թե ամռանը Մեղրի գետը ինչպես է ցամաքում, իրեն զոհաբերելով ծառերին, բույսերին, մարդկանց:

    Սիրում եմ, երբ ձյունը, թեկուզ ժամանակավոր, վերացնում է քաղաքակիրթ մարդու ապրելու հետքերը: Ես քեզ չեմ կանչում օգնության, յուրաքանչյուրս ենք պատասխանատու մեր երկրի, քաղաքի, մեր արարքների համար:
    Արեւը կամաց - կամաց պատրաստվում է մայրամուտի: Սարերը բարձր արձագանքելով, քաղաքս լցնում են երաժշտությամբ, հայկական, ազգային: Դե, իհարկե, հարսանիք է, երեխաներ են ծնվելու եւ կյանքը շարունակվելու է:
   Արի, շատ բան չեմ պատմում, արի ու ինքդ տես: Սպասում եմ, գոնե հարսանիքիս կգաս: Իմ երեխաները այստեղ են ծնվելու, իմ հեքիաթ, քաղցրահամ երկիրում, ուր արեւը միշտ իմ տանն է:

1 комментарий: