четверг, 20 декабря 2012 г.

Օդից չեմ գրում, գիտեմ՝ ինչ է խանդը, զգացել եմ, հաղթահարել եմ


          Դու, նա, ես, մենք   բոլորս   ծանոթ  ենք, նույնիսկ  առնչվել ենք  այդ հիվանդ, մեծ մարմնում փոքր հոգի  ունեցող, այդքան հոգնեցնող, դաժան և մեծ օգնության կարիք ունեցող մարդ երևույթին: Հիմնականում նրա դեմքը  սև է, չէ,  կարմիր  կամ էլ պարզապես՝ գունատ: Աչքերն անկախ գույնից, մեծությունից, միշտ արյունով  լցված  անվստահ վազվզում են քթից դեպի աջ և ձախ՝ փորձելով գտնել պատասխանները բոլոր այն կասկածանքների, որոնց պատճառով նա հիվանդ է: Այդ հիվանդության բնույթն է էդպիսին՝  նա բոլորին հավատում է, բայց ոչ մեկին չի վստահում: Դա մարդուն ոչ արժանի զգացում է,  մարդկանց փտած նախասիրությունների, երբ սեփականատիրոջ իրավունքով հիվանդությունը գրոհում է զգացմունք, բարություն, ազատություն արժևորող մարդու վրա՝ փորձելով կախվածության մեջ պահել: Դա ողորմելիի կիրքն է, որը միշտ կորցրել է ու վախենում է բացահայտումից: Ապրելու  անբաժանելի  մի մասնիկն է, հիմքն է սիրո, եսասիրության և ատելության: Հասունանում է կամաց ու աննկատ՝ վերափոխվելով չափավորությունից բնավորության , բնավորությունից էլ՝ հիվանդության:
           Խանդ.վախի մի տեսակ է, որն իր թուլությունից, անտաղանդությունից, ստահոդությունից, չկամեցողությունից , ազատության վայելքից վախենալով ուզում է տիրել այն բոլոր լուսավոր, լավագույն մարդկային արժեքներին՝ բավարարելով իր մեջ նստած Էգո անունով ճիճվին: Ու  նա իմ, քո, մեր մեջ  էլ հաստատ կա, պարզապես հնարավորության սահմաններն են տարբեր: Օդից չեմ գրում, գիտեմ՝ ինչ է խանդը, զգացել եմ, հաղթահարել եմ:Սիրում եմ իմ ընկերներին,  ապրում եմ  նրանց համար ապրեցնելով ինձ, անհանգստանում եմ, իհարկե, խանդում եմ ՝ փորձելով չանցնել չափավորի սահմանը, որովհետև երջանիկ եմ, երբ երջանիկ են ընկերներս, ազատ եմ, երբ ազատություն եմ պարգևում, իմ ընկերները իմ պարգևներն են, որովհետև խանդս չափավոր է:          
 

четверг, 13 декабря 2012 г.

Ես այնտեղ եմ, որտեղ արևի շողերը խաղում են իմ ստվերի հետ, որտեղ կյանքը և իմաստը միասին են և ես իմ ընդհատակին տեր եմ


Այնտեղ, որտեղ արևի շողերը չեն էլ փորձում հասնել, որտեղ ստվերները չեն խաղում մթության մեջ, նրանք քայլում են, թփրտում, երբեմն էլ անհասկանալի շարժում բռունցքները և վեր են թռնում յուրաքանչյուր ջրի կաթոցից: Այնտեղ, որտեղ կա սկիզբ ու դեռ չի երևում վերջը, գաղտնիք ունի: Քամին է դա ասում սուլելով, հառաչելով, երբեմն էլ քրքջալով անզուսպ օրիորդի ծիծաղով: Այնտեղ, որտեղ դեռ չի հասունացել միտքը, դեռ չի ձևավորվել բուն իմաստը, կյանքը անցնում է կողքով: Յուրաքանչյուր սխալ քայլ և լսվում է թակարդի թրխկոցը: Այնտեղ, որտեղ կյանքը չի շարունակվում՝ նեխում է, հոտում, ծածկվում բորբոսով ու ստվերները դոփելով տրորում են այն բոլոր …. որոնք սղոցում են նրանց ուղեղը: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, արևի շողերը չէին հասնում, նրանք ջերմացնում էին , ոգևորում և ես երեսառած  ձկան նման լողում էի այդ ջրով լի ընդհատակում: Չէ,  ինչու ձկան նման, ես երեսառած մարդուկ էի, որին այդ կլոր դատարկը՝ ոռոգայթը, ծուղակը, թաքստոցը նեղում էր ամսեամիս: Իմ ընդհատակը չէին հասնում արևի շողերը: Եվ հոգիս ուզեց ծնվել, դուրս  պրծնել թաքստոցից:Ես այնտեղ եմ, որտեղ արևի շողերը խաղում են իմ ստվերի հետ, որտեղ կյանքը և իմաստը միասին են և ես իմ ընդհատակին տեր եմ: